ՄԻՊ-ն ու Պաշտպանության նախարարը քննարկել են մարդու իրավունքների խախտումները սահմանային լարվածության համատեքստում
ԻրավունքՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օգոստոսի 6-ին հանդիպել է Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջում:
Պաշտպանն ընդգծել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքը, համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման ու լուծման հարցերում:
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, մասնավորապես ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ համապատասխան կառույցների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ աշխատակազմի կողմից իրականացվել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց։