Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
ԻրավունքՄեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին, ով ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ս.թ. սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: