Պատվաստվելու կամ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանը կվիճարկվի դատարանում. Արա Զոհրաբյան
Իրավունք«Փաստաբանների պալատի» նախագահ Արա Զոհրաբյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է, որ «Փաստաբանների պալատը» վիճարկելու է Առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի հոկտեմբերի 1-ից աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։
«Փաստաբանների պալատի» նախագահը հայտնել է, որ հրամանը վիճարկվելու է Վարչական դատարանում` գործողությունը կասեցնելու պահանջով, իսկ եթե արդյունք չլինի, ապա կձևավորվեն իրավաբանական անվճար օգնություն ցուցաբերող մասնագիտական խմբեր, որոնք կպաշտպանեն քաղաքացիներին։
Եթե նրանց հեռացնեն աշխատանքից, ապա քաղաքացիների իրավունքների պաշտպանության հայցով կդիմեն դատարան։ Եթե քաղաքացիների նկատմամբ կիրառվի վարչական տույժ, ապա վարչական մարմինների տույժերը նույնպես կվիճարկվեն դատական կարգով։