Հայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել է
ԻրավունքՀայաստանը մասնակցել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարության համակարգմամբ իրականացված Trigger X – Eastern Europe and Central Asia միջազգային օպերացիային, որի նպատակն էր հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանում օպերացիան համակարգել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն՝ իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ։
Օպերացիայի շրջանակում հանրապետության ողջ տարածքում իրականացվել են օպերատիվ-հետախուզական, կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։ Արդյունքում արձանագրվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության 164 դեպք, որոնցից 11-ի առնչությամբ անձինք ձերբակալվել են։
Ապօրինի շրջանառությունից առգրավվել կամ դուրս է բերվել 248 միավոր հրազեն և դրա բաղադրամասեր, այդ թվում՝ ինքնաձիգներ, որսորդական հրացաններ, ատրճանակներ և ինքնաշեն զենքեր։
Հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել է նաև ավելի քան 11 հազար փամփուշտ, 137-ից ավելի ձեռքի նռնակ, 120-ից ավելի նռնակի պայթուցիչ և դետոնատոր, 108-ից ավելի պահունակ, ինչպես նաև ականանետի և նռնականետի արկեր, պայթուցիկ նյութեր ու այլ զինամթերք։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ օպերացիայի արդյունքներն ընդգծում են միջգերատեսչական համագործակցության, միջազգային տեղեկատվության փոխանակման և կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում և հանրային անվտանգության ամրապնդման գործում։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան