Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
Իրավունք
Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ԲԴԽ կայքի տեղեկությունների համաձայն՝ վարույթը հարուցել է ՀՀ արդարադատության նախարարությունը։ Դրա քննությունը նշանակված է նոյեմբերի 16-ին։
Նշենք, որ Վեհափառ Հայրապետի և ԳՀԽ անդամների վերաբերյալ քրեական գործը Արմավիրի դատարանում մի շարք ընթացակարգային խնդիրների է բախվել։ Նախ՝ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իրեն փաստաբանական արտոնագիր է տվել նույն գործով փաստաբան Արա Զոհրաբյանը։
Օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել էր գործն ուղարկել Երևանի քրեական դատարան՝ չնայած կողմերի առարկություններին։ Նա դա պատճառաբանել էր Վեհափառ Հայրապետին վերագրվող արարքի կատարման վայրի անորոշությամբ։
Երևանի դատարանում գործը մակագրվել էր դատավոր Վահագն Մելիքյանին, որը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը պարզելու համար։ Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ գործն ընդդատյա է Արմավիրի դատարանին՝ քննադատելով Ռուշանյանի որոշումը։ Դատարանը նշել էր, որ այն հիմնված է եղել «բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցման» վրա՝ առաջացնելով անհարկի դատական շրջապտույտ և ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման վտանգ։
Արդյունքում գործը կրկին վերադարձել է Սերժ Ռուշանյանի վարույթ։ Առայժմ հայտնի չէ՝ նրա նկատմամբ ևս կարգապահական վարույթ հարուցվել է, թե ոչ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից