Շառլ Ազնավուրի հետ հանդիպում են պահանջում Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները (լուսանկարներ)
Հասարակություն
Սարի թաղի հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների 10 ընտանիքներ՝ կանայք և երեխաներն այսօր նստացույց են սկսել ՀՀ կառավարության շենքի առջև: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի գործադիր տնօրեն Անի Կաղինյանը:
Նա ընդգծեց՝ ցուցարարների հիմնական նպատակն է որպես դեսպանի՝ հանդիպել Շառլ Ազնավուրի հետ:
«Կառավարության շենքի դիմաց կալանավորվածների հարազատներին ոչ ոք չի մոտեցել: Նրանք շարժվել են դեպի ՀՀ դատախազություն, որտեղ ինչ-որ աշխատակից է մոտեցել և ասել, որ դիմում ներկայացնեն: Սակայն, քանի որ ցուցարարները մի քանի անգամ դիմում են գրել ու ստացել են նույնաբովանդակ պատասխան, ուստի՝ այլևս չեն ցանկանում դատախազությանը ևս մեկ անգամ դիմում ներկայացնել: Այժմ կալանավորվածների հարազատները ԱԳՆ-ի դիմաց են և հանդիպում են պահանջում Շառլ Ազնավուրի հետ: Այնուհետև պատրաստվում են շարժվել դեպի Արդարադատության նախարարություն»,- ասաց նա՝ ավելացնելով՝ քանի որ տղաները հանիրավի են ձերբակալված և նրանց վրա դրված է բավականին ծանր հոդված, որը չի համապատասխանում գործին, այդ իսկ պատճառով մարդիկ ստիպված են գնալ ծայրահեղ քայլերի:
Նշենք, որ կալանավորվածների հարազատները պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:
Հիշեցնենք՝ տղաներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչները 2016թ. հուլիսի 19-ին Մովսես Խորենացի փողոցին հարող փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը