Դատարան տեղափոխելուց առաջ կալանավորված անձի մոտ հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբ, սափրիչի սայրեր
ԻրավունքՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Դ. Ա.-ին հոկտեմբերի 19-ին դատարան տեղափոխելուց առաջ ենթարկել են անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս հագուստի աստառի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր:
Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, հավելելով, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 02:20-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկաների վայր ընկնելուն նմանվող ձայներ:
«Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ալկոհոլին բնորոշ հեղուկով ներնետված 3 պլաստմասե շիշ և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 81,6 գրամ քաշով, առանձնացված 11 զանգված, գործարանային արտադրության 7 դանակ, 3 բջջային հեռախոս, 2 տուփ խաղաքարտ»,- նշված է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: