Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտի է անհրաժեշտ. ՄԻՊ գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել
ԻրավունքՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։
«Այցեր է կատարվել ՀՀ բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում և Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ասաց, թե փաստերով հիմնավորել են ադրբեջանական հանցավոր արարքները։
«Ցույց ենք տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև։ Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտին։ Ադրբեջանական դրոշները, զինվորականները, տարբեր սարքավորումները, տեսախցիկները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից։ Առանց դրա չի կարող լինել իրավունքների վերականգնում», - հայտարարեց Թաթոյանը։
Նա ասաց, թե սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովվում մարդու իրավունքների, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոներին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը: