«Այս երկրի միակ «վտանգավոր» անձը Մենուա Հովսեփյանն է»․ Գորիսի փոխքաղաքապետը կկալանավորվի
ԻրավունքՎերաքննիչ քրեական դատարանը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ դատարանը որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, վերացնել և ուժի մեջ թողնել կալանավորումը․ «Մենուա Հովսեփյանն ինքնակամ կներկայանա քրեակատարողական հիմնարկ։ Այս երկրի միակ «վտանգավոր» անձը Մենուա Հովսեփյանն է և դատարանն «իրավացի» որոշում կայացրեց։ Նա ազատության մեջ չի կարող գտնվել, որովհետև Մենուա Հովսեփյանը շատ մեծ ամագ ունի այս երկրի համար, իսկ այդպիսի մարդիկ ազատության մեջ երևի պետք չէ, որ լինեն, պետք է կալանավորված լինեն։ Հիմա այս նոր սկզբունքներն են որդեգրված։ Եթե Մենուա Հովսեփյանն իրականում լիներ հանցագործ, օլիգարխիկ, մարդասպան, խուլիգան, գրավը կլիներ օրինական խափանման միջոց»,- ասաց փաստաբանը։
Հարցին՝ այսօ՞ր է Մենուա Հովսեփյանը ներկայանալու քրեակատարողական հիմնարկ, Մելքոնյանը դրական պատասխան տվեց։
Հիշեցնենք՝ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը:
Նրան նախորդ ամիս Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել: