Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին 28 տարի անց ազատ արձակվեց
Իրավունք«Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին ազատ կարձակվի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նա նշեց, որ Արսեն Արծրունին պատիժը կրում էր «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկում։
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարել է ՔԿՀ-ի և պրոբացիայի ծառայության միջնորդությունը և պայմանական վաղաժամկետ ազատել ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն։
Նշենք, որ Արսեն Արծրունին անազատության մեջ էր շուրջ 28 տարի: Ձերբակալվել է 1994-ի դեկտեմբերին «Դրոյի գործի» շրջանակներում՝ սպանությունների պատվեր տալու մեղադրանքով, իսկ 1996-ի դեկտեմբերին դատապարտվել մահապատժի։ 2003-ին ՀՀ նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ 2018-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել էր Արծրունուն պայմանական վաղաժամկետ ազատելու բողոքը։