Ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վեճի ժամանակ դանակահարություն է եղել․ դանակահարողը փախել է
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արագածոտնի մարզի 28-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022 թ. հունվարի 16-ին, որով տեղեկացվել է, որ «Ձախից պարանոցի առաջկողմնային մակերեսի թափանցող վերք շնչափողի վնասումով, հարակից հյուսվածքների ենթամաշկային էմֆիզեմա» ախտորոշմամբ «Արշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ավան գյուղի 28-ամյա բնակիչը:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը հիշյալ գյուղում ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել վերոնշյալ երիտասարդի և նրա համագյուղացու միջև, որի ժամանակ վերջինիս հետ դեպքի վայրում գտնվող 29-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 28-ամյա երիտասարդի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք և դիմել փախուստի:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: