Հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված քայլերթի մասնակիցների կողմից Երևան քաղաքի Չարենցի փողոցում կատարված խուլիգանության դեպքի առթիվ
ԻրավունքՔաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված քայլերթի մի խումբ մասնակիցներ, հայհոյանքներ հնչեցնելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով, փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կազմած «կենդանի պատը» և մուտք գործել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող տներից մեկի դարպասներից ներս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված քայլերթի մի խումբ մասնակիցներ, հայհոյանքներ հնչեցնելով և բռնություն գործադրելու սպառնալիքներով, փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կազմած «կենդանի պատը» և մուտք գործել Երևան քաղաքի Չարենց փողոցում գտնվող տներից մեկի դարպասներից ներս:
Կատարվում է նախաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և վերջիններիս արարքին գնահատական տալու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: