Բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի պատասխանատուները, խուզարկվել է ՀՅԴ Արմավիրի գրասենյակը
ԻրավունքԱյս օրերին իրավապահ համակարգի կողմից համատարած են ՀՀ քաղաքացիների անհնազանդության խաղաղ ակցիաների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները, բիրտ ուժի կիրառումը, մարդաորսությունն ու բռնաճնշումները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
«Ժողովրդական արդար ընդվզումը կասեցնելու եւ բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի եւ նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը։ Այս օրերին իրավապահ համակարգի կողմից համատարած են ՀՀ քաղաքացիների անհնազանդության խաղաղ ակցիաների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները, բիրտ ուժի կիրառումը, մարդաորսությունն ու բռնաճնշումները։
Ոստիկանության այս դատապարտելի վարքագիծը դրսեւորվում է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, այն ուղղված է հանրության մեջ վախի եւ ահաբեկության մթնոլորտ սերմանելուն։
Երեկ վաղ առավոտյան անհիմն մեղադրանքով բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու մեր ընկերները, խուզարկվել է ՀՅ Դաշնակցության Արմավիրի գրասենյակը։
Հայտարարում ենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կառույցն իր ողջ համահայկական ներուժով «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում է, եւ ապօրինի գործողություններով, ահաբեկչությամբ եւ մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»,- նշված է հայտարարության մեջ։