Գյումրիում տարեցների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ձերբակալվել է Գեղամ Մանուկյանի որդին
ԻրավունքՄայիսի 8-ին Գյումրիում տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման ցուցարարների և տարեց տղամարդկանց միջև տեղի ունցած միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:
Ըստ վերջինիս՝ ձերբակալվածներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, իսկ մյուս անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է:
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Դիմադրության շարժման կողմից դեպի Գյումրի ավտոերթի ճանապարհին վեճ է բռնվել երիտասարդների և տարեցների միջև և տարեցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: