Որևէ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար․ ՀՀ ՄԻՊ
ԻրավունքՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է երեկ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման կազմակերպած միջոցառումներին։
«Երեկ բոլորս յուրովի նշանավորեցինք երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Երեխայի իրավունքների երաշխավորներն ու պաշտպաններն անշուշտ մեծահասակներն են։Երեկվա միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հիշեցնել, որ երեխայի կարծիքի ազատ արտահայտման, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին գիտակցված ու տեղեկացված մասնակցության իրավունքի իրացումը բխում է երեխայի լավագույն շահից։
Պաշտպանը հատուկ շեշտում է, որ մենք բոլորս պետք է խրախուսենք ու պայմաններ ստեղծենք սեփական կարծիքն արտահայտելու համար երեխայի գիտակցված և իմաստալից մասնակցության համար։ Սա նաև նշանակում է, որ որևէ միջոցառման կամ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար»,–նշված է հայտարարության մեջ։