Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ
ԻրավունքԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ նա պետք է մասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։
Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատավորին թույլատրել Գևորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը բացակայել երկրից։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ հավանական ռիսկերի գնահատումը թողնում են դատարանի հայեցողությանը։
Լուսինե Սահակյանը նաև միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փոխանցմամբ, Լ. Սահակյանը հիշեցրեց, որ Գևորգյանը ԵԽԽՎ անդամ է, օժտված է անձեռնմխելիությամբ և, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ խնդրելով մերժել միջնորդությունը։
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 15-ին, ժամը 13։00-ին։