Չարենցավանում մեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 2 քաղաքացու են դանակահարել
ԻրավունքՀունիսի 21-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:
Օպերատիվ հարցումների և այլ միջոցառումների շնորհիվ Չարենցավանի քրեական հետախույզները պարզեցին, որ հաղորդումից րոպեներ առաջ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասում մեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ժամանակ էլ մասնակիցներից մեկը, որը նույն թաղամասի 41-ամյա բնակիչ է, դանակահարել էր նրանց։
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին:
Նա խոստովանել է կատարածն ու ներկայացվել նախաքննական մարմնին: Քննչական բաժին է փոխանցվել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործը։