Քաջարանում ամուսինները հրդեհից ծխախեղդ են եղել
Գագիկ Շամշյանը հայտնում է
Երեկ` հոկտեմբերի 23-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.20-ի սահմաններում ոստիկանության Քաջարանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի Տերյան փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկում, որտեղ կան մահացած անձինք: Շտապ դեպքի վայր են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Ավագյանի, բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ: Նշված շենքի 20-րդ բնակարանում հայտնաբերվել են թոշակառու ամուսինների` 82-ամյա Արամայիս Գալստյանի և 76-ամյա Ռոզա Սարգսյանի մարմինները` մահացած վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների` օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել նշված բնակարանի խոհանոցում, որի հետևանքով թոշակառու ամուսինները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ծխախեղդ են եղել և մահացել են: Դեպքի վայր է մեկնել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի մարզի Կապանի հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել